Փորձեցի այստեղից-այնտեղից ի մի բերել մինչև հիմա covid-19-ի դեմ պայքարի համար մեզ հատկացված տարատեսակ օգնությունները` բժշկական սարքերն ու գործիքները, դեղորայքն ու դիմակները և, անշուշտ, փոխանցված ֆինանսական հոսքերը։ Բան դուրս չեկավ։ Վերջնական արդյունք չստացա նաև պետական խողովակներով։ ՈՒստի իմ անձնական թվաբանական գործողությունների վերաբերյալ ձեռնպահ կմնամ։ Բայց Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհրդի որոշմամբ Հայաստանին հատկացրած 280 մլն դրամից առաջ և հետո քանիցս պետական այրերից լսել ենք, որ մեր առողջապահական համակարգը բարվոք վիճակում է` կազմ ու պատրաստ, ապահովված առաջին անհրաժեշտության պարագաներով։ Մինչդեռ իրականությունն այլ բան է հուշում։ Նախարար Արսեն Թորոսյանի ինքնագոհ հայտարարության օրը եղել եմ Նորքի պոլիկլինիկայում, և արյան անալիզ հանձնելիս նախատել բուժքրոջը սպիտակը սևի վերածված ձեռնոցով աշխատելու համար և լսել անսպասելի պատասխան` չունենք, 4-րդ օրն եմ կրում...
Իսկ երկու օր առաջ տեղեկացանք, որ Վանաձորի Գր. Լուսավորիչ փողոցի թիվ 29 շենքում հայտնաբերված վիրուսակիր մի բնակչի մեկուսացրել են, այնուհետև տեղափոխել համապատասխան բուժհիմնարկ։ Ինֆեկցիոն հիվանդանոցից (և ոչ միայն այդ) պետք է որ ահազանգ ստացվեր սանէպիդկայան, որպեսզի նշված հասցեում ախտահանման աշխատանքներ կատարվեին։ Չի արվել։ Ոչ մեկին չի հետաքրքրել վիրուսակրի շփման շրջանակը, բացի ընտանիքի անդամներից։ Վախվորած հարևանները սկսել են դիմել տարբեր կառույցների` քաղաքապետարանին, համատիրություն, 911 ծառայություն։ Անօգուտ։ Մեկը պատասխանել է` հնարավորություններ չունենք, մյուսը հուսադրել է` անհանգստանալու ոչինչ չկա, երրորդը` մեր ծառայությունը վճարովի է, իսկ չորրորդը` ամենախելացին և օպերատիվը, բնակիչներին խորհուրդ է տվել. ինքներդ շքամուտքը լվացեք ժավելաջրով` որքան շուտ, այնքան լավ։ Կատարել են։ Բայց նրանց չեն լքել կասկածները` հնարավո՞ր է մենք էլ վարակված լինենք։
Աստված մի արասցե։ Սպասենք լավ լուրի, իսկ իշխանությունները, հերն էլ անիծած, թող շարունակեն գոհանալ ինքնախաբեությամբ։
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ